دوشنبه 29 مهر 1392, 15:59:00

Բաց դռների օրւայ խօսք՝ արտասանւած կրթահամալիրի տեսչի՝Անի Մանուկեանի միջոցով՝ 11 հոկտ.-ի  2013թ.  60-ամեակի առիթով

Հայոց ազգ. «Արաքս» կրթահամալիրի անցեալի և ներկայի յարգարժան տեսուչ- տեսչուհիներ, փոխտեսուչ-փոխտեսչուհիներ,  ուսուցչական կազմեր, պաշտօնեաներ, ծնողական խորհրդների անդամներ, սիրելի ծնողներ և աշակերտուհիներ
Յանուն հայոց ազգ. «Արաքս» կրթահամալիրի տեսչութեան ողջունում և բարի գալուստ եմ մաղթում Ձեզ և շնորհակալութիւն եմ յայտնում Ձեզ ՝ Ձեր ներկայութեան համար: Ջերմօրէն շնորհաւորում եմ բոլորին «Արաքս» կրթահամալիրի հիմնադրման 60-ամեակը և «Արաքս»-ին մաղթում եմ կանաչ ճանապարհ:
Վաթսուն երկար  տարիներ շարունակ   հայոց ազգ. «Արաքս» կրթահամալիրը՝ գերազանց գիտակցելով իր ուսերին դրւած ծանր ու պատասխանատու պարտականութիւնը, կրթել ու դաստիարակել է տասնեակ սերունդներ:«Արաքս»ը յաղթահարել է  բազում խոչընդոտներ և ահա պարզ ճակատով շարունակում է իր բազմամեայ ուղին:
«Արաքս» կրթահամալիրը իր ձեռք բերած յաջողութիւնների համար պարտական է բազում նւիրեալ ուսուցիչների, տեսուչների,փոխտեսուչների, պաշտօնեաների, ծնողական խորհրդների և բարերարների տարած ջանքերին, որոնց աշխատանքի արդիւնքը մենք բոլորս վայելում ենք այսօր:
Հայոց ազգ. «Արաքս» կրթահամալիրի կողքին եթէ կանգնած չլինէր  ազգային իշխանութիւնը անկասկած նա չէր վայելի այսօրւայ ձեռքբերումները:
Ուստի այսօր մենք յայտնում ենք մեր խորին երախտագիտութիւնը և շնորհակալութիւնները բոլոր նրանց, որոնց զոհաբերութեան շնորհիւ է կանգուն «Արաքս» կրթահամալիրը և դեռ երկար տարիներ պիտի շարունակի իր պանծալի երթը:
Ցանկանում եմ նաև անդրադառնալ «Արաքս» կրթահամալիրի հիմնադրման 60-ամեայ յոբելեանական յանձնախմբի աշխատանքներին:  
 Հայոց ազգ. «Արաքս» կրթահամալիրի հիմնադրման 60-ամեակի յոբելեանական յանձնախումբը իր աշխատանքը սկսել է 2013 թւականի մայիսի 22-ին: Յանձնախումբը ամենից առաջ 2013 թւականի մայիսի 25-ին այցելել է Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանին եւ խնդրել յոբելեանի նշման հովանաւորութիւնը: Այնուհետեւ յանձնախումբը երեք առիթով հանդէս է եկել կոչով:
Յանձնախումբը պատրաստել է 60-ամեակի գերբը, որը գծագրել է պրն. Ռոժէ Կարապետեանը: Յանձնախումբը վիճակահանութեան է դրել հայոց ազգ. «Արաքս» կրթահամալիրի բացառիկ ոսկեայ գերբը, որը ցանկութեան դէպքում՝ կարող էք ձեռք բերել յանձնախմբի անդամներից կամ կրթահամալիրից: Յանձնախումբը որոշել է հրատարակել գիրք՝ նւիրւած հայոց ազգ. «Արաքս» կրթահամալրիի հիմնադրման 60-ամեակին: Ուստի՝ հայոց ազգ. «Արաքս» կրթահամալիրի անցեալի եւ ներկայի բոլոր տեսուչ-տեսչուհիներին, փոխտեսուչ-փոխտեսչուհիներին, ուսուցչական կազմերին, աշակերտ-աշակերտուհիներին եւ ծնողական խորհրդներին յանձնախումբը խնդրում է՝ ուղարկել յօդւածներ, յուշագրութիւններ, լուսանկարներ եւ այլ նիւթեր, ցանկութիւն դէպքում նաեւ ուղերձներ եւ շնորհաւորանքներ՝ կրթահամալիրի փոստային եւ էլեկտրոնային    հասցէներին:
Յանձնախումբը  նախնական մտերմիկ թէյասեղան-հանդիպում է ունեցել կրթահամալիրի 60 տարիների տեսուչ-տեսչուհիների, փոխտեսուչ-փոխտեսչուհիների, ուսուցչական կազմերի, պաշտօնեաների եւ ծնողական խորհրդների հետ՝ 2013 թւականի սեպտ. 9-ին,  Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան սրահում: 2013 -14 ուսումնական տարեշրջանի դպրոցական վերամուտի առիթով Գերաշնորհ Սրբազան հօր և ազգային իշխանութեան ներկայացուցիչների ներկայութեամբ հնչեց «Արաքս»ի 60-րդ տարւայ առաջին զանգը:   Իսկ պաշտօնական յոբելեանական ձեռնարկը տեղի է ունենալու 2013 թւականի դեկտ.-ի 12-ին՝ Հայ ակումբի սրահում:
Ծրագրւում է նաև գեղարւեստական ձեռնարկ նախկին շրջանաւարտների համար:
Իսկ այսօր ցանկացողները կարող են այցելել շէնքի զանազան յարկերը և վերյիշել անցեալի յուշերը:

Շնորհակալութիւն

ارسال نظر برای این مورد بسته شده است