دوشنبه 29 مهر 1392, 15:54:00

Գերաշնորհ Սրբազան հայր
Իրանի իսլամական խորհրդարանում Թեհրանի և հիւսիսային իրանահայութեան յարգարժան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեան
Թեհհրանի հայոց թեմի Թեմական և Կրթական  Խորհրդի յարգարժան ներկայացուցիչներ
Թեհրանի կրթադաստիարակչութեան նախարարութեան 6-րդ շրջանի յարգարժան ներկայացուցիչներ
Հայոց ազգ. «Արաքս» կրթահամալիրի անցեալի և ներկայի յարգարժան տեսչուհիներ, ուսուցչական կազմեր, պաշտօնեաներ, սիրելի ծնողներ և աշակերտուհիներ
Յանուն հայոց ազգ. «Արաքս» կրթահամալիրի տեսչութեան ողջունում և բարի գալուստ եմ մաղթում Ձեզ և շնորհակալութիւն եմ յայտնում Ձեզ ՝ Ձեր ներկայութեան համար,  շնորհաւորում եմ դպրոցական վերամուտը և ջերմօրէն շնորհաւորում եմ «Արաքս» կրթահամալիրի հիմնադրման 60-ամեակը:
Վաթսուն երկար  տարիներ շարունակ   հայոց ազգ. «Արաքս» կրթահամալիրը՝ գերազանց գիտակցելով իր ուսերին դրւած ծանր ու պատասխանատու պարտականութիւնը, կրթել ու դաստիարակել է տասնեակ սերունդներ:«Արաքս»ը յաղթահարել է  բազում խոչընդոտներ և ահա պարզ ճակատով շարունակում է իր բազմամեայ ուղին:
«Արաքս» կրթահամալիրը իր ձեռք բերած յաջողութիւնների համար պարտական է բազում նւիրեալ ուսուցիչների, տեսուչների, պաշտօնեաների, ծնողական խորհրդների, բարերարների կատարած ջանքերին, որոնց աշխատանքի արդիւնքը մենք բոլորս վայելում ենք այսօր:
Հայոց ազգ. «Արաքս» կրթահամալիրի կողքին եթէ կանգնած չլինէր հոգևոր և ազգային իշխանութիւնը անկասկած չէր վայելի այսօրւայ ձեռքբերումները:
Ուստի այսօր մենք յայտնում ենք մեր խորին երախտագիտութիւնը և շնորհակալութիւնները բոլոր նրանց, որոնց զոհաբերութեան շնորհիւ է կանգուն «Արաքս» կրթահամալիրը և դեռ երկար տարիներ պիտի շարունակի իր պանծալի երթը:

Շնորհակալութիւն

ارسال نظر برای این مورد بسته شده است